Համարը 
ՀՕ-28
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.10.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 1. Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից:

(1-ին հոդվածը փոփ. 12.12.2007 ՀՕ-96)

 

Հոդված 2. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 3. Հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:

 

Հոդված 4. Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ՝ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 10 տոկոսի չափով:

(4-րդ հոդվածը փոփ. 30.11.2000 ՀՕ-118, փոփ. 17.12.2003 ՀՕ-91)

 

Հոդված 5. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկը սահմանվում է հետևյալ չափերով՝

ա) արդյունաբերության (ներառյալ՝ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի նկատմամբ հետևյալ չափերով.

բնակավայրերի ներսում՝ 1 տոկոս,

բնակավայրերից դուրս՝ 0,5 տոկոս,

բ) անտառային ֆոնդի հողերի (բացառությամբ դրանցում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման միջին արժեքի 1 տոկոսի չափով,

գ) ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի 1 տոկոսի չափով:

 

Հոդված 6. Հարկման ենթակա մակերեսների մեջ մտնում են շենքերով և շինություններով զբաղեցված հողերը, դրանց պահպանության համար անհրաժեշտ տարածքները, ինչպես նաև օբյեկտների սանիտարապահպան, տեխնիկական և մյուս գոտիները:

 

Հոդված 61. Հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ առկա` տվյալ հարկվող օբյեկտի համար հողի հարկի չմարված հարկային պարտավորությունները:

Ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի գծով վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար հողի հարկի պարտավորություններն առաջանում են (նախկին սեփականատիրոջ համար դադարում են) այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից:

Հարկ վճարող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչև օրենքով սահմանված կարգով սեփականության (ժառանգության) իրավունքի ծագման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի պարտավորությունները:

(61-ին հոդվածը լրաց. 12.12.2007 ՀՕ-96, լրաց. 30.11.2016 ՀՕ-30-Ն)

 

Հոդված 7. (հոդվածն ուժը կորցրել է 22.12.2004 ՀՕ-162)

 

Հոդված 8. Ընդհանուր սեփականության դեպքում հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկը հաշվարկվում է ամբողջ հողամասի հարկման օբյեկտից՝ սույն օրենքով սահմանված հաշվառող մարմնի կամ համասեփականատեր կազմակերպության կողմից:

Եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

Եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն՝ յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր ֆիզիկական անձանց հողի հարկը հաշվարկում են`

ա) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները համասեփականատերերից որևէ մեկի համար.

բ) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունները համասեփականատերերից յուրաքանչյուրի համար (իր բաժնի չափով):

Եթե ընդհանուր սեփականության դեպքում համասեփականատերերից որևէ մեկը կազմակերպություն է, ապա հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկը հաշվարկում է համասեփականատեր կազմակերպությունը`

ա) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները.

բ) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունն իր բաժնի չափով, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համասեփականատերերի և նրանց բաժնեմասերի վերաբերյալ պահանջվող տվյալները:

(8-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-96)

 

Հոդված 9. Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնություն ունեցող սուբյեկտը հարկի վճարումից ազատվում է այն ամսից, երբ ծագել է արտոնության իրավունքը:

 Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնությունը դադարելու դեպքում հարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսից:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 10. Հողի հարկից ազատվում են՝

ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի,

բ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն),

գ) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին և դպրոցներին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը,

դ) նոր հիմնված և երիտասարդ խաղողի և պտղատու այգիները, մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)՝ դրանց տարածքը 0,1 հեկտար և ավելի լինելու դեպքում.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերաբնակվող ընտանիքներին մշտական օգտագործման իրավունքով տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 5 տարի ժամկետով.

զ) փոստային կապի ազգային օպերատորը.

է) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Սույն կետում նշված շենքերի և շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.

ը) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմն իրեն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` սույն հոդվածի «է» կետով սահմանված շենքերի ու շինությունների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի համար 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հողի հարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել հողի հարկի գծով արտոնություններ:

Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար հողի հարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:

Համայնքի ավագանու կողմից հողի հարկի գծով սահմանված արտոնությունների գումարի դիմաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:

Օրենքով կարող են սահմանվել հողի հարկի գծով այլ արտոնություններ:

(10-րդ հոդվածը լրաց. 14.04.2004 ՀՕ-107, խմբ. 30.11.2016 ՀՕ-30-Ն, լրաց. 31.10.2019 ՀՕ-117-Ն)

 

Հոդված 11. Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են՝

գյուղատնտեսական և անտառատնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկները և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային և սորտափորձարկման ձեռնարկությունները, կայանները և հենակետերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկով, այն հողերի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով.

հողային ռեֆորմի ընթացքում սեփականաշնորհված հողատեսքերի սեփականատերերը՝ 2000 և 2001 թվականներին:

(11-րդ հոդվածը լրաց. 29.12.1999 ՀՕ-87)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 12. Հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության մշտական օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:

(12-րդ հոդվածը փոփ. 12.12.2007 ՀՕ-96)

 

Հոդված 13. Կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 1-ը (ներառյալ) հարկային մարմնի կողմից հաստատված ձևով հողի հարկի տարեկան հաշվարկները «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասի համար՝ հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին (սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու դեպքում՝ առանձնացված ըստ համայնքների).

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ իրենց գտնվելու վայրի հարկային մարմին:

Անկախ սույն հոդվածով սահմանված ժամկետներից` հաշվետու տարվա ընթացքում նոր հարկվող օբյեկտի առաջացման դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը (հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը) ներկայացնում են սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով ծագելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է կազմակերպության հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հաշվետու տարվա ընթացքում հարկվող օբյեկտի օտարման կամ մշտական օգտագործման իրավունքի դադարման դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը (հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը) ներկայացնում են սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Սույն օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխությունների դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված փոփոխություններից հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների հողի հարկի տարեկան հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել հողի հարկի ճշտված տարեկան հաշվարկներ, որոնց հիման վրա հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից կազմակերպությունների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո կազմակերպությունների կողմից հաշվառող մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:

(13-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-96, լրաց. 30.11.2016 ՀՕ-30-Ն)

 

Հոդված 14. Ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, հաշվարկում են ֆիզիկական անձանց հողի հարկի տարեկան գումարները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններից ստացված տեղեկությունների կամ հաշվառող մարմին հանդիսանալու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով իրենց կատարած հաշվարկների հիման վրա հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) են հարկային մարմնի սահմանած ձևով հողի հարկի վճարման ծանուցագրեր` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքերում` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

(14-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-96)

 

Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝

ա) հարկվող օբյեկտ համարվող հողամասերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը ներկայացնում է հաշվառող մարմին.

բ) հարկային և տեղական ինքնակառավարման մարմինները հողի հարկի պարտավորությունների հաշվարկման, հողի հարկի գումարների գանձման և վճարումների հաշվառման նպատակով միմյանց ներկայացնում են անհրաժեշտ տեղեկություններ:

Ֆիզիկական անձինք հողի հարկի իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հողի հարկի հաշվարկների ճշգրտման նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններ: Կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման նպատակով հարկվող օբյեկտ համարվող հողամասի հարկման օբյեկտի տվյալներն ստանալու համար դիմում են համապատասխան հաշվառող մարմին: Ֆիզիկական անձինք և կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող հարկման օբյեկտի կամ դրա տվյալների ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններն ու տվյալներն օրենքով սահմանված կարգով կարող են ստանալ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից:

(15-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-96)

 

Հոդված 16. Կազմակերպությունները սույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հաշվարկված հողի հարկի տարեկան գումարները (կիսամյակային կտրվածքով` հաշվի առնելով հաշվառող մարմին ներկայացված հաշվարկների հիման վրա նոր առաջացած, օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած, ինչպես նաև նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող օբյեկտների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկները) սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): (երկրորդ նախադասությունը հանվել է 30.11.2016 ՀՕ-30-Ն)

Հողի հարկի գումարը վճարվում է`

ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

(16-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-96, փոփ. 30.11.2016 ՀՕ-30-Ն)

 

Հոդված 17. Սույն օրենքի իմաստով հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են հանդիսանում`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2009 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի «բ» կետում նշված դեպքի.

բ) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցերորդ ամիսը լրանալու օրվանից սկսած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթներն ստանձնելու նպատակով համապատասխան հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցրած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած տեղական ինքնակառավարման մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի` հողամասերի հաշվառման և գնահատման վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները, հաշվարկում են ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող հողամասերի հողի հարկը: Ֆիզիկական անձանց հողի հարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու օրվանից տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են ֆիզիկական անձանց հաշվառող մարմին:

Սույն օրենքի իմաստով հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչև 2008 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2009 թվականի առաջին եռամսյակից սկսած, բացառությամբ սույն մասի «բ» կետում նշված դեպքի.

բ) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցերորդ ամիսը լրանալու օրվանից սկսած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթներն ստանձնելու նպատակով համապատասխան հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցրած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած տեղական ինքնակառավարման մարմինները հայտի համաձայնեցման եռամսյակին հաջորդող եռամսյակից սկսած համարվում են հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմիններ :

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ կամավոր միջհամայնքային կառույցի միջոցով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ու կազմակերպությունների գույքահարկի հաշվառումն ավտոմատացնող տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների և կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը պարտադիր կարգով իրականացնում են համատեղ կամավոր միջհամայնքային կառույցի միջոցով.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում նրանց գտնվելու վայրի համապատասխան հարկային մարմինները :

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրաետության կառավարությունը:

(17-րդ հոդվածը խմբ. 12.12.2007 ՀՕ-96)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար վճարողները, ինչպես նաև իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն օրենքով սահմանված հողի հարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում հողի հարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի:

(18-րդ հոդվածը լրաց. 30.11.2016 ՀՕ-30-Ն)

 

Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապ ետության Ազգային ժողովի համաձայնությամբ առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար կարող է սահմանել հողի հարկի այլ դրույքաչափեր և չափեր, հաշվարկման և վճարման այլ կարգ և արտոնություններ:

 

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999թ. հունվարի 1-ից: Մինչև 1998թ. վերջը գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, ինչպես նաև գյուղատնտեսական նպատակներով մյուս հողօգտագործողները հողի հարկը հաշվարկում և վճարում են համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995թ. մարտի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի հարկի ներդրման, նրա հաշվարկման և վճարման կարգի մասին» թիվ 24 որոշման:

 

Հոդված 21. Սույն օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և գյուղատնտեսության նախարարությունների հետ:

 

Հոդված 22. Հողի հարկով հարկման օբյեկտի որոշման նպատակով հողամասերի կադաստրային գնահատումները (վերագնահատումները) իրականացվում են յոթ տարին մեկ անգամ, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից՝ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա, որի արդյունքները հիմք են ընդունվում գնահատման (վերագնահատման) տարվան հաջորդող յոթ տարիների հողի հարկի հաշվարկման համար:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված յոթնամյա պարբերականությամբ կադաստրային գնահատությունների առաջին կադաստրային գնահատությունն իրականացվում է 2008 թվականի հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում հաշվառված տվյալների հիման վրա, իսկ հետագա գնահատություններն իրականացվում են սույն հոդվածի առաջին մասում նշված պարբերականությամբ :

Անկախ սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետներից` գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով իրականացված կադաստրային գնահատության արդյունքները հիմք են ընդունվում մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ հողի հարկի հաշվարկման համար:

(22-րդ հոդվածը լրաց. 12.12.2007 ՀՕ-96, փոփ. 27.03.2013 ՀՕ-11-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

16 նոյեմբերի 1998թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-28