ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները:
Հոդված 1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեզվական քաղաքականությունը |
ԼՂ Հ պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: ԼՂՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է Արցախի բարբառի օգտագործմանը, խրախուսում նրա գիտական ուսումնասիրումը և տվյալ բարբառով ազգագրական ժողովածուների հրատարակումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը, նպաստում ռուսաց լեզվի զարգացմանը, որպես ազգամիջյան հաղորդակցման լեզու:
Հոդված 2. |
Կրթության լեզուն |
ԼՂՀ տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
ԼՂՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել նրանց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:
ԼՂՀ տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն բացառության կարգով կարող է հիմնել միայն ԼՂՀ կառավարությունը՝ ԼՂՀ խորհրդարանի համաձայնությամբ:
ԼՂՀ բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, ԼՂՀ տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունները և ուսուցումն իրականացվում են ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 3. |
Քաղաքացիների լեզվական պարտականությունները |
Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ԼՂՀ քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:
Պաշտոնական խոսքում ԼՂՀ քաղաքացիները ապահովում են լեզվի անաղարտությունը:
Հոդված 4. |
Հաստատությունների լեզվական իրավունքներն ու պարտականությունները |
ԼՂՀ տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:
ԼՂՀ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են՝
ա/ գործավարությունը կատարել հայերեն.
բ/ ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:
ԼՂՀ տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:
ԼՂՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները պարտադիր ձևավորում են հայերեն՝ իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:
Հոդված 5. |
Պետական լեզվաքաղաքականության իրականացումը |
Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են ԼՂՀ պետական իշխանության և կառավարման մարմինները՝ ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ապահովում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:
ԼՂՀ օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
20 մարտի 1996թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-2 |
|